2014-թ-ի սեպտեմբերին Երևանի N 198 ավագ դպրոցում Հայոց լեզվի մեթոդմիավորման նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար «Նախագծերի մեթոդը» թեմայով:
Այսօր շատ է
կարևորվում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը դասավանդման ընթացքում: Դրանք լայն
հնարավորություն են տալիս աշակերտներին հանդես գալու որպես հետազոտողներ և գիտելիք
հայթայթողներ:
Այս առումով
բավականին հետաքրքիր է նախագծերի մեթոդը: Սովորողները խմբերով հետազոտում են
նախագծային աշխատանքի տարբեր մասերը, ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, և
յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում վերջնական արդյունքի ստեղծման գործում:
Ավագ դպրոցում նման
աշխատանք կատարելու հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ սովորողներն ավելի
հասուն են, և ավելի հստակ են նպատակները:
Նախ ստեղծնում են խմբերը: Ընտրվում են թեմաները: Կազմվում է
իրականացվող աշխատանքների պլան` նախապատրաստական, ուսումնական և եզրափակիչ
փուլերի: Տրվում է որոշակի ժամանակահատված աշխատանքներն իրականացնելու համար:
Աշակերտները
աշխատանքը ներկայացնելու տարբեր ձևեր են մտածում` սլայդներ, ֆիլմ, պաստառ, կարող
են հանդես գալ լրատվական որևէ ժանրով (ռեպորտաժ, թղթակցություն, հարցազրույց,
ակնարկ): Ընտրությունը կատարում են իրենք` ելնելով կատարած աշխատանքի ընձեռած
հնարավորություններից:
Նախագծերի
մեթոդով կատարած աշխատանքների իր փորձը Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման
նիստում աշխատակիցներին ներկայացրեց հայոց լ. և գրակ. ուսուցչուհի Վարդիթեր
Հարությունյանը: Մեթոդի մասին համառոտ տեղեկություններ հաղորդելուց հետո նա
ցուցադրեց աշակերտների կատարած մի քանի աշխատանքներ: Արտահայտվեց այն կարծիքը, որ
նման աշխատանքները խթանում են աշակերտների ինքնազարգացումը, նպաստում սովորողների
մասնագիտական կողմնորոշմանը:
Comments
Post a Comment