Երևանի N 198 ավագ
դպրոցը ապրիլի 7-ին հյուրընկալեց Շամիլյան վարժարանի աշակերտական, ուսուցչական և ծնողական
խմբին: Երկու դպրոցների՝ ավանդույթ դարձած ամենամյա հանդիպումը այս անգամ շատ ավելի
պարտավորեցնող էր ու նշանակալից. նախ՝ ժամանակահատվածը համընկել էր Ցեղասպանության
100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, իսկ հետո՝ ապրիլի յոթին նշվում է Մայրության
և գեղեցկության տոնը: Հանդիպման առթիվ կազմակերպված միջոցառման առանցքում էլ հետևաբար
դրված էր այս երկու իրադարձությունների՝ անհուն ցավի ու վրեժխնդրության ներկայացման և մայրական սիրո գովերգության ներդաշնակ համադրությունը,
և արդյունքում ընտրվել էր լավագույն լուծումը: Միջոցառման մասնակիցները, կազմակերպիչները
ոչ մի ջանք ու եռանդ չէին խնայել՝ միջոցառումը
տպավորիչ ու ամնոռանալի դարձնելու համար: Հյուրընկալ տանտիրոջ պատասխանատվությամբ նրանք արել էին ամեն ինչ, որպեսզի խորհրդանշական
դարձնեն հանդիպումը և մեր հայրենակիցներին պարգևեն գեղեցիկ և հիշարժան օր: Երեխաների
խրոխտ երգերն ու հեզանազ պարերը, ոգեշունչ
ասմունքը աշխարհի երկու ծայրերում ապրող հայերի համար նույն նշանակությունն ունեցան.
Ցեղասպանություն տեսած հայի հոգին անպարտ է, հավերժ կենդանի, քանզի հային է վիճակված
ունենալ աշխարհի ամենաբարի, ամենախելացի ու ամենահայրենասեր մայրը: Մեծ ոճիր ապրած
հայը անհաղթ է, քանզի նրան է տրված իրականությանը բաց ճակատով նայելու իրավունքը: Հայը
կարողանում է հաջողություններով ոգեկոչվել, ձախողումներից՝ սովորել այլևս չսխալվել: Անցյալի փորձություններն
են հային դարձրել այսքան աննկուն ու համառ, մայրական խրատներներով ու խորհուրդներով է հայը ստացել իր հոգևոր սնունդը,
իսկ հայոց մայրերի օրհնանքներն ու աղոթքները՝ փրկել հազար ու մի փորձանքից:
Միջոցառման հաջողությունը, ինչ խոսք, ապահովված էր ոչ միայն
իր ուսուցողական, այլև այն զորավոր և կարևորագույն
նշանակությամբ, որը կոչվում է աշխարհասփյուռ հայերի միասնականության գիտակցություն,
ասել է թե՝ ուժ, զորություն, փառք... Հպարտության զգացմանը միախառնվել էր իրար թև ու
թիկունք լինելու, միմյանց օգնելու ու սատարելու
անհուն ցանկությունը: Հայը ուժեղ է
իր միությամբ. նշանաբանի վերածված այս խոսքերը արդեն հնչեցին միջոցառման ավարտից հետո
Երևանի 198 ավագ դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի ելույթում: << Ծովից ծով դարձած Հայոց աշխարհում վաղվա
բաղձալի հաղթանակը աշխարհի բոլոր հայերով տոնելու
և Արագածի փեշերին միասնական շուրջպար պարելու ցանկությունը այլևս երազանք չի թվում,
այն մի օր, այն էլ շատ շուտով իրականություն է դառնալու. դրան արժանի է մեր ազգը>>.-այսպես
եզրափակեց իր խոսքը տնօրեն Ա. Թորոսյանը:
Comments
Post a Comment