Տնօրենի էջ։ Պետական ավարտական քննություններ


19.12.2017

Այսօր բոլորիս համար դաստիարակության հարցը դարձել է առաջնահերթություն։ Մենք, քսաներոր դարից եկած մարդիկ անհանգստությամբ ենք վերաբերվում քսանմեկերորդ դարի բերած ավանդույթներին, հարաբերություններին և դրա արդյունքում ազատությունների և կարգապահության նոր մեկնաբանություններին։ Մենք մեր կյանքի փորձով գիտենք, որ ամեն ազատություն պետք է ունենա իր օրենքները և սահմանափակումները։
Այդ մասին էր խոսում նաև Ա.Ս.Սոլովեյչիկը իր <Ազատություն և կարգապահություն> դասախոսության ժամանակ, որը կզմակերպել էր «Первое сентября» հրատարակչությունը։

04.12.2017

Ավարտվում է առաջին կիսամյակը։ 10-12-րդ դասարանների աշակերտները գրում են կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ։ Հուսով եմ, որ աշխատանքների արդյունքները կգոհացնեն ուսուցիչներին և կուրախացնենք աշակերտներին։ Կուրախացնեն ոչ միայն բարձր գնահատականները այլ նաև գիտելիքի և կարողությունների պաշարի գիտակցումը։ Աշակերտները կտեսնեն, թե ինչ են սովորել մեր դպրոցում այս չորս ամիսների ընթացքում։ Դա շատ կարևոր է հետագայում ավելի ոգևորված, ավելի եռանդուն սովորելու համար։
12-րդ դասարանի աշակերտները դեկտեմբերի վերջին կհանձնեն պետական ավարտական քննություններ հայոց լեզու, հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաներից։ Նրանք բավարար ժամանակ ունեին կրկնելու համար և հուսով եմ, որ հաջողությամբ կհանձնեն քննությունները։ Երկրորդ կիսամյակում աշակերտները կկրկնեն միայն այն առարկաները, որոնցից հանձնելու են միասնական քննություններ։

23․11․2017
Վաղը ընտրում ենք դպրոցի լավագույն աշակերտներին։ Ընտրելու ենք 10 աշակերտ։ Ընտրելու են բոլոր աշակերտները, ուսուցիչները և ծնողները։ Ընտրելու ենք ժամը 9։00-14։30։
Իսկ ովքեր են լավագույնները։ Նրանք լավ սովորողներն են, թե ամենահեղինակավորները, կամ ամենաբարիները, գուցե ամենախիզախները։ Ոչ ոք չգիտի, թե ով է մեր դպրոցի ամենաբարի աշակերտը։ Նա, ով բարի է մեկի համար, կարող է անծանոթ լինել մյուսներին։ Այս ընտրությամբ մենք հայտնաբերում ենք նոր մարդկանց։ Անգամ հենց ընտրվածներն են իրենք իրենց հայտնաբերում։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են նրանք վերաբերվելու այն որոշմանը, որ իրենք մեր դպրոցի ամենա, ամենա, ամենա աշակերտներն են և, որ իրենք շուտով մեր երկիրը ավելի լավն են դարձնելու։

12․11․2017

Կարևոր է աշակերտների մոտ ձևավորել հաղորդակցության, համագործակցության և ստեղծագործության կարողություններ։ Այս կարողությունները աշակերտները պետք է իմանան կիրառել իրական կյանքում։ Նրանք ստանում են այդ կարողությունները դպրոցում, բայց չեն սովորում դա կիրառել կյանքում։ Սա ամենամեծ խնդիրն է, որի մասին մենք պետք է մտածենք։
Այդ նպատակով դպրոցում սկսում ենք մրցույթների մի շարք, որտեղ աշակեևրտները հնարավորություն կստանան կիրառել այն ինչ սովորել են դպրոցում։
Առաջին մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։


10.10.2017

04.10.2017

Այսօր մեր դպրոցի ծննդյան օրն է։
1991 թվականին առաջին անգամ մտա 198 դպրոց։ Այն ժամանակ դպրոցը հեղինակային ծրագիր էր իրականացնում և դպրոցի հիմնադիրը և տնօրենը Դավիթ Հարությունյանն էր։ Մեծ ավանդույթներով դպրոց էր և ամենից կարևոր ավանդույթը սովորելն էր։ Սովորում էին և աշակերտները և ուսուցիչները։
Ես դպրոցում աշխատանքի ընդունվեցի որպես ֆիզիկայի ուսուցիչ և աշխատում եմ մինչ օրս։ Չեմ ափսոսում դպրոցում աշխատած ոչ մի օրվա համար և հպարտ եմ, որ աշխատում եմ Երևանի 198 դպրոցում։
Շնորհավորում եմ բոլորին, ով աշխատել կամ աշխատում է, սովորել կամ սովորում է աշխարհի ամենալավ դպրոցում։

28․09․2017

Այսօր ԴԿՄ կողմից կազմակերպված <Պետական խորհրդանշաններ> մչցույթում արժանացանք խրախուսական մրցանակի։ Աշակերտները, ուսուցիչները և տնօրենները ոգևորված էին մրցույթով։ Բավականին հետաքրքիր աշխատանքներ էին ներկայացվել մրցույթի։ Երևում էր, որ աշակերտները հասկանում էին, թե ինչ են ներկայացնում։
Անկախությունը շատ թանկ է և այն պահելը շատ է դժվար։ Գրագետ մարդիկ այն ավելի հեշտությամբ են պահում։ Մենք պայքարում ենք կրթության որակի համար։ Հարգելի ծնողներ աջակցեք մեզ և ոչ թե ձար ծույլիկներին։)

19.09.2017

Ուսումնական տարին ընթացքի մեջ է։ Արդեն որոշակի արդյունքներ կան։ Այսօր պարզելու ենք 10-րդ դասարանի աշակերտների մոտ Նախաձեռնություն և ինքնակառավարում, Արտադրողականություն և հաշվետվողականություն կոմպետենցիաների առկայությունը և աստիճանը։ Գնահատելուց հետո մշակվելու է ուսումնական նախագիծ, որը զաշակերտների մոտ զարգացնելու է այդ կոմպետենցիաները։

13.09.2017

Այս շաբաթ հիմնականում աշակերտների գիտելիքների ձևավորման աշխատանքներ են կատարվում։ Զուգահեռ ուսումնասիրում ենք աշակերտների կոմպետենցիաները։ Նախաձեռնություն և ինքնակառավարում, Արտադրողականություն և հաշվետվողականություն կոմպետենցիաները շատ կարևոր են սովորել սովորելու համար։ Ցավոք աշակերտների մեծ մասը դժվարանում է ինքն իրեն ստիպել սովորել, եթե ուրիշ ստիպող չկա։ Այս դեպքում այն աշակերտները, ում ծնողները չեն ստիպում սովորել սկսում են ուսման մեջ ետ մնալ և հույսը մնում է միայն ուսուցչի վրա։ Կսովորեցնի ուսուցիչը, հետևողական կլինի նա աշակերտի ուսման նկատմամբ, աշակերտը կհաջողի, բայց հաջողության չի հասնի, որովհետև ինքնուրույն սովորել չի կարողանում։

7.09.2017

Ըստ օդերևութաբանների շոգ եղանակը տևելու է մինչև սեպտեմբերի վերջ։
Այսօրվա աշխատանքները հիմնականում դասղեկների հետ է։ Քննարկելու ենք դասարանների վիճակը, առկա խնդիրները և կոմպետենցիաների գնահտման կազմակերպումը։ Ունենք խորհրդակցություն պետական ավարտական քննությունների առարկաները 12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների հետ և քննարկելու ենք կրկնության կազմակերպման ռազամավարությունը։

6.09.2017

Դեռ շոգ է։ Առավոտյան ժամը 9։00-ին արդեն 34 աստիճան է։
Այս պահին կա 13 բացակա։
Տնօրենի մոտ խորհրդակցության ժամանակ որոշվեց դպրոցում <Անկախության օր> միջոցառման ծրագիրը։
  1. Բոլոր դասարանները հավաքվում են դպրոցի այգում։
  2. Ամեն դասարան ունի տաղավար՝ մեկ սեղան։
  3. Սեղանի վրա տեղադրում են պատմական Հայաստանի մեկ նահանգի եռաչափ քարտեզ։
  4. Պատրաստում են երգ և պար այդ նահանգի մշակույթից։
  5. Երգը և պարը ներկայացնում են բեմի վրա։
Ամեն տարի միջոցառումը անցնում է մեծ ոգևորությամբ։ Հուսով եմ, որ այս տարի էլ լավ կստացվի։

5.09.2017

Արդեն ավարտվեցին ուսումնական տարվա առաջին օրերի խնդիրները։ Սովորում ենք սովորական ռիթմով։ Այսօրվա հիմնական խնդիրներն են գիտելիք ստանալը և այդ գիտելիքը կիրառել սովորելը ինչպես նաև որոշակի կազմակերպական հարցեր՝ դասարանական աշակերտական խորհրդների ընտրությունը, դասարանի ավագի ընտրությունը, ծնողական ժողովների կազմակերպումը։
Աշակերտական խորհուրդները աշակերտների ինքնակառավարման մարմիններն են։ Դրանք դեռ վերջնականապես չեն կայացել և մենք դեռ օգնում ենք աշակերտներին լինել ավելի վստահ, իմանալ կրթական այն հիմնական խնդիրները, որոնք կարող են մեծացնել իրեցն հնարավորությունները և հակառակը՝ վնասել դրան։ Մենք օգնում ենք աշակերտներին և միևնույն ժամանակ սովորում ենք ապրել աշակերտների իրավունքների տարածքում։ Ես մեր աշակերտների համար հանգիստ եմ, ճանաչում եմ նրանց հնարավորությունները և գիտեմ, որ նրանք ամեն ինչ ճիշտ կանեն։
Ծնողական խորհուրդը դպրոցի ինքնակառավարման մյուս մարմինն է, որը մասնակցում է դպրոցի կառավարմանը դպրոցի խորհրդի երկու ներկայացուցիչների միջոցով։ Ցավոք ծնողական համայնքը հոգսաշատ է, զբաղված է աշխատանքով և ոչ միշտ է կարողանում այցելել դպրոց։ Բայց տեխնոլոգիաների նոր դարում մենք այս հարցը փորձելու ենք լուծել սկայպի և էլեկտրոնային նամակի միջոցով։ Հուսով եմ կստացվի։
Տեղի ունեցավ խորհրդակցություն 12-րդ դասարանում դասավանդվող այն առարկաների ուսուցիչների հետ, որ խորացված չեն և այդ առարկաներից պետական ավարտական քննություններ չկան։ Քննարկման արդյունքում որոշվեց այդ առարկաները դասավանդել նախագծերի մեթոդով։

4.09.2017

Այսօր ժամը 8։30 սկսվեց առաջին դասը։
Ուրախ ենք, որ ուսումնական տարին սկսվեց և դպրոցը նորից լցվեց աշակերտներով։ Այսօրվանից մենք միասին սովորելու և սովորեցնելու ենք և այդ գործընթացի կենտրոնում լինելու են աշակերտը և ուսուցիչը։
Մենք տարիներ շարունակ որոնումների մեջ էինք։ Դժվար էր փոխել հին համակարգը, որը արդյունք էր տալիս։ Նորը դժվարությամբ էր ստացվում և քչերն էին հավատում հաջողությանը։ Սակայն հինը պետք էր փոխել։ Այն շատ լավն էր նախկինում ապրելու համար։ Բայց այսօր մենք այլ իրականության մեջ ենք և մեր երեխաներին պետք է նոր կյանքի պատրաստենք։ Դա իհարկե չի նշանակում, որ հինը պետք է մոռանալ։ Երևի դա էր ստրատեգիական սխալը։ Մենք պետք է կառուցենք հնի վրա։ Կրթական համակարգը շինություն չի, որի հիմքերը կառուցված են այնպես, որ չես կարող նոր հարկեր ավելացնել։ Կրթության հիմքերը ամուր են, նախորդ գիտելիքի, կարողության և փորձի վրա կարող ես անթիվ նոր հարկեր ավելացնել։ Այսօր մենք ասում ենք, որ կրթության գործընթացի կենտրոնում չի կարելի միայն ուսուցիչ կամ միայն աշակերտ տեսնել։ Կրթության մենտրոնում ուսուցիչ-աշակերտ զույգն է կանգնած և նրանց շուրջն է կառուցվում ամբող կրթական համակարգը։ Այս զույգը պետք է լինի առողջ, դիմացկուն, աշխատասեր, պարտաժանաչ, պատասխանատու, ինքնակառավարվող, ապահովված և դպրոցի ներսում և դպրոցից դուրս։
Այսօրվանից մենք դպրոցի ԱՇԱԿԵՐՏ ծրագրին ավելացնում ենք ՈՒՍՈՒՑԻՉ ծրագիրը։

Այսօր ժամը 14։30 տեղի ունեցավ խորհրդակցություն տնօրենի մոտ։ Ամփոփեցինք օրը։ Դասացուցակ, դասագրքեր, դաս։ Ամեն ինչ իր հունով ընթանում է։ Կան նաև 12-րդ դասարանցիներ, որ ուզում են դասերի հաշվին գնալ մասնավոր դասուսույցի մոտ։ Տարօրինակ է, որ այս վատ ավանդույթը դեռ շարունակվում է։ Դպրոցը ամեն ինչ տալիս է համալսարան ընդունվելու համար, ընդունվելը արդեն շատ է հեշտացել և ժամանակն է մտածել դպրոցում սովորելու մասին, որ հետո համալսարանում կարողանան սովորել, իսկ նրանք ցանկանում են չսովորել, պարապել, այսինքն սովորել քննություն հանձնել։
Դասղեկների հետ մտածեցինք աշակերտների համար դպրոցի կայքում բարենպաստ միջավայր ստեղծելու մասին։ Հիմա մեր կայքում ամեն աշակերտ և նրա ծնող կարող է տեսնել իր ունեցած, սովորած կոմպետենցիաների վիճակը, աստիճանը։ Նրանք կայքում կարող են տեսնել իրենց դասերը, տնայինները և գործնական աշխատանքները։ Մի խոսքով շրջված դասարան։

Comments