Գնդեվանքը միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է: Այն գտնվում է Վայոց ձորում, Արփա գետի գեղատեսիլ կիրճում, նրա ձախափնյա հարթակներից մեկի վրա, Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք: Մեզ հասած ավանդության համաձայն, վանքը 40 օրում կառուցել է Սյունյաց Սոփյա իշխանուհին՝ վաճառելով իր վերջին հարստությունը՝ գնդերը, որի պատճառով էլ վանքը կոչվում է Գնդեվանք: Շինարարական աշխատանքները ղեկավարում է Եղիշե նկարիչը, որը միաժամանակ նկարազարդում է եկեղեցու պատերն ու առաստաղը: Ըստ Ստ . Օրբելյանի ՝ այստեղ մեծամեծ ճգնությամբ աչքի է ընկել Գնդունի կոչված հայր Սուփանը, որի անունով էլ վանքը կոչվել է Գնդեվանք։ Համալիրը կազմված է Սբ . Ստեփանոս եկեղեցուց , նրան կից գավթից, վանքը շրջապատող պարիսպներից, բնակելի և օժանդակ սենյակներից: Շինությունները կառուցված են կապույտ բազալտից: