Երեսունհինգ տարի առաջ հիմնադրվեց Երեւանի հ.198 Հեղինակային դպրոցը եւ պահպանեց իր ավանդույթներն առ այսօր։ Այդ ընթացքում ունեցավ անհաշվելի հաղթանակներ, մրցանակներ, նվաճումներ։ Ունեցավ շրջանավարտներ, որոնք դարձան ամենատարբեր ոլորտների ներկայանալի մասնագետներ։
Դպրոցի հիմնադիր-տնօրենն էր Դավիթ Հարությունյանը։ Նա ստեղծեց հիանալի մանկավարժական կազմ եւ բոլորին համախմբեց դպրոցաշեն գաղափարի շուրջ։
Այսօր տարիների պատմություն եւ հեղինակություն ունեցող դպրոցում ներկա էին նախկին տնօրեններ Դավիթ Հարությունյանը եւ Արտաշես Թորոսյանը, մեզ հետ չի երջանկահիշատակ Էդոնիս Հարությունյանը։ Եկել էին դպրոցի նախկին ուսուցիչները, շրջանավարտները, հյուր էին դպրոցի տնօրեններ, ծնողներ...
Այսօր հիանալի առիթ էր հիշելու անցած տարիները' լի գաղափարներով, ջերմությամբ, երազանքներով։
Յուրաքանչյուրն իրեն էր փնտրում պատին ամրացված տարբեր տարիների լուսանկարներում, իսկ դրանք միայն լուսանկարներ չէին, դա կյանք էր, որ ապրեցին այս պատերի ներսում, ստացան գիտելիքներ, ձեւավորում աշխարհայացք, ունեցան ընկերներ։
Այսօր, այստեղ կարող էին լինել նաև այն շրջանավարտները, որոնց կյանքը խլեց պատերազմը. նրանք մեզ հետ են։
Միջոցառման գեղարվեստական հատվածում շնորհավորանքներ էին, մեր աշակերտների երգը, պարը, ասմունքն էր։
Այս հրաշալի հանդիպումը նախաձեռնել էր դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, որին մասնակցել էին դպրոցի աշխատանքային կազմը, աշակերտները։
Պատմություն դարձավ եւս մի ծնունդ, իսկ տարիները թող նոր գաղափարներ ու գիտելիքներով զինված սերունդներ տան։
Շնորհակալություն այս հիշարժան հանդիպման համար...
Comments
Post a Comment