Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում
և եկամտային հարկի գումարներից փոխհատուցման ենթակա են՝
- 2023 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ-ում
իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ),
հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր,
մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին
մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական
ծրագրերի մասով կատարված ուսման վճարները (ընդ
որում, 15.02.2025թ.-ից հետո նշված կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները ենթակա
են փոխհատուցման, եթե դրանք կատարվել են անկանխիկ).
- 2024 թվականի հունվարի 1-ից՝ մասնավորապես՝
երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական
կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության
պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական
ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից
երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական
ծառայությունների մասով կատարված ուսման վճարները, եթե դրանք կատարվել են անկանխիկ:
Ընդ որում, ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա
մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա
հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից
հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ։
Միաժամանակ,
կրթության ոլորտում համապատասխան ծրագրեր, այդ թվում՝ երաշխավորված արտադպրոցական
և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված
է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում, հղումը՝ https://escs.am/am/news/27607։
Կայքէջում տեղադրված ցանկերը պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին
զուգընթաց։ Տեղեկացնում ենք նաև, որ կրթական ծրագրերի երաշխավորումը կատարվում է
նախարարություն ներկայացվող երաշխավորության հայտի հիման վրա, որի վերաբերյալ
մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/27606։
Ֆիզիկական անձի կողմից իր կամ իր ընտանիքի անդամների
համար կրթության գծով կատարված սոցիալական ծախսերի (տվյալ
հաշվետու տարում մատուցված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի)
փոխհատուցումը կատարվում է՝ կրթական ծառայություն
մատուցողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։
Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման նպատակով անհրաժեշտ է ֆիզիկական անձից
պահանջել՝
Ø սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական
անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։ Իսկ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը սոցիալական
ծախսը կատարել է իր ընտանիքի անդամի համար, ապա հաշվարկային փաստաթղթի դուրսգրման
նպատակով անհրաժեշտ է պահանջել նաև ծառայություն ստացող ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն, ինչպես
նաև վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալը հիմնավորող փաստաթուղթը (ամուսնու դեպքում՝
ամուսնության վկայականը, ծնողի դեպքում՝ ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և հայտարարատուի
ծննդյան վկայականը, զավակի դեպքում՝ ծննդյան վկայականը, իսկ որդեգրողի, որդեգրվածի
դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթը).
Ø սոցիալական ծախսի կատարումը (վճարումը)
հիմնավորող փաստաթուղթ։ Ընդ որում՝
- 2024 թվականի հունվարի 1-ից մինչև
2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը ենթակա
են փոխհատուցման նաև այն դեպքում, երբ դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի
միջոցներից։ Ուստի նշված ժամանակահատվածի համար՝ սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից
կատարված լինելը հիմնավորելու և վերջինիս հիման վրա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու
նպատակով անհրաժեշտ է ֆիզիկական անձից պահանջել համապատասխան փաստաթուղթ, այդ թվում՝
վճարումը հիմնավորող փաստաթուղթ կամ վճարման հանձնարարական (որտեղ նշված է վճարումը
տվյալ ֆիզիկական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ) կամ համապատասխան
հաստատում (հայտարարություն).
- 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից
հետո կատարված սոցիալական ծախսերը ենթակա են փոխհատուցման՝ դրանք անմիջականորեն հայտարարատու
ֆիզիկական անձի կողմից կատարված լինելու դեպքում։ Ուստի սոցիալական ծախսն անմիջականորեն
հայտարարատու ֆիզիկական անձի կողմից կատարված լինելը հիմնավորելու և վերջինիս հիման
վրա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու նպատակով՝ վճարումը հիմնավորող փաստաթղթում
որպես վճարող պետք է հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը:
Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման
առումով հարկ է հաշվի առնել, որ՝
- հաշվարկային փաստաթղթերը դուրս
են գրվում, մասնավորապես` ծառայության մատուցումն
ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին։ Ընդ որում, հաշվարկային
փաստաթուղթը կարող է դուրս գրվել նաև ծառայության մատուցումն ավարտվելուց հետո, բայց
ոչ ուշ, քան ծառայության մատուցման օրը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ հարկային
տարին լրանալուց հետո.
- համայնքների պատվերով համայնքային
ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով
հաշվարկային փաստաթղթերը կարող են համայնքների անունից դուրս գրել համայնքային ոչ առևտրային
կազմակերպությունները՝ վճարված տեղական վճարի չափով։ Ընդ որում, համայնքների անունից հաշվարկային փաստաթղթերի
(տվյալ դեպքում՝ հաշիվ
վավերագրերի) դուրսգրման նպատակով՝ Հաշվետվությունների
ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «Հաշվարկային փաստաթղթի ձև» դաշտում պետք է
ընտրել «Հանձնարարողի (պրինցիպալի) անունից» տողը.
- հաշվարկային փաստաթղթում՝ «ծառայություններ (աշխատանքներ)
ստացող անձի տվյալներ» հատվածում լրացվում են ծառայությունը ստացողի տվյալները, իսկ
«Սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի» հատվածում՝ ծախսը կատարած անձի տվյալները.
- նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ,
նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և
հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով 15.02.2025թ.-ից հետո կատարված ուսման վճարների գծով սոցիալական
ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթեր կարող են դուրս գրվել՝ ուսման վճարներն անկանխիկ կատարված լինելու
դեպքում.
- արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի
մասով կատարված ուսման վճարների գծով սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային
փաստաթղթեր կարող են դուրս գրվել՝ ուսման վճարներն
անկանխիկ կատարված լինելու դեպքում։
Այսպիսով՝ հայտարարատու ֆիզիկական անձանց հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման իրավաչափ
պահանջի դեպքում կրթական ծառայություն մատուցողները պարտավոր են դուրս գրել սոցիալական
ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթեր՝ ապահովելով ֆիզիկական անձանց սոցիալական
ծախսի փոխհատուցման իրավունքից օգտվելու իրավունքի իրացումը։
Comments
Post a Comment