<< Թմրամոլությունը՝ հանցագործություն>>

      

     11 -4 դասարանում անցկացվեց <<Թմրամոլություն>> թեմայով դասղեկի ժամ:  Դասը վարում էին հասարակագիտության ուսուցչուհի Լ. Փափազյանը և դասղեկ Ա. Մելիքյանը: Նույն թեմայով կազմակերպված սեմինարի ընթացքում դասղեկներին նախապես ներկայացվել էր  դասղեկի ժամը անցկացնելու ընթացքը, ցուցադրվել էր սալիկահանդեսը, որում  ընդգրկված էին թեմայի առանցքային խնդիրները, քննարկվել էին այն բոլոր հարցերը, որոնց մասին պետք է  խոսվեր դասղեկի ժամին: Թեման, ինչ խոսք, այսօր  բավականին արդիական է, բայց դրանով հանդերձ՝ չափազանց  ցավոտ խնդիր, որի մասին տեղեկացված  պիտի լինի յուրաքանչյուր մարդ, քանզի այդ հիվանդություն - հանցագործությունը իր ընդգրկմամբ այսօր հասել է հսկայական  չափերի, ուստի և մարդու անտեղյակությունը կարող է հանգեցնել  չարիքի ճիրաններում մի օր  հայտնվելուն: Աշակերտները թեմայի մասին, իհարկե, որոշ տեղեկություններ գիտեին: Զրույցի ժամանակ նրանք անկեղծ խոստովանում էին, որ այդ չարիքը իրենց չի սպառնում, որովհետև երբեք վատ շրջապատ չեն ընկնի, հասկանում են թմրամոլության բացասական ազդեցությունը և հետևանքները, ուստի և իրենց գործողություններում միշտ սթափ են,  գիտակից և ուշադիր: Սա իհարկե խրախուսելի է, ուրախալի. երեխաները իրենց  վրա վստահ են, միշտ զգոն են և աչալուրջ:  Սակայն դասն անցկացնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ  երեխաները կարողանան  հասկանալ, որ թմրամոլության մեջ հայտնված մարդուն ևս անհրաժեշտ է օգնել,  վտանգավոր հանցագործության մեջ ընկածին ճահճից հանել է պետք, այլ ոչ թե անտարբերությամբ նայել ու սպասել, թե ինչպես է քեզ նման մեկը կործանվում հասարակության բաց աչքի առաջ:  Ցուցադրված տեսաֆիլմը ևս մեծ ազդեցություն թողեց երեխաների վրա: Երեխաները քննարկեցին տարբեր իրավիճակներ՝  վերջում հանգելով   այն եզրակացության, որ պետք է կտրականապես <<ո՛չ  >>ասել թմրամոլությանը: Պետք է միշտ հիշել, որ երբեք ուշ չէ սխալ ճանապարհի կեսից  հետ դառնալ, ու դրա հետ մեկտեղ հասկանալ մի պարզ ճշմարտություն. աշխարհում այսքան դժբախտություն չէր լինի, եթե բոլոր մարդիկ սրտացավ ու կարեկից լինեն  իրար նկատմամբ,  և բոլորի առաքելությունը այս աշխարհում լիներ  Մարդ մնալը: 

Comments