Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին…



Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
     Այդ եղերական օրվանից հարյուր տարի անցավ, սակայն  պատմության՝   կարմիրով  գրված ողբերգական  էջերը այդպես էլ փակել չկարողացանք, անցյալի փոթորկահույզ վիշտն  ու ցավը այդպես էլ չմոռացվեցին, երկնքում թափառող ու իրենց հոգու   հանգրվանը չգտած  միլիոնավոր զոհերի առաջ այդպես էլ մնացինք պարտավորված …  Տարիներն անցան, բայց արյուն -արցունքից հաճույք ստացած  ոճրագործ  թալեաթներն ու էնվերները, թեպետ անիծվեցին  ու վտարվեցին  Մարդու աշխարհից, սակայն իրենց անփառունակ երկրում  դեռ շարունակում են նույն ժխտողական քաղաքականությամբ հերքել աններելի ու անմոռանալի ոճրագործությունը, որին քաղաքակիրթ   երկրներից շատերը այսօր  եղեռն անվանումն են տվել:
          Ծիծեռնակաբերդի անմար կրակի առջև կանգնած աշակերտներիս համար, թվում էր, շնչելու օդ չկար. անցյալի հիշողությունները թարմ վերքի պես և՛ ցավեցնում էին , և՛ պարտադրում, և՛ ապրելու հրաման արձակում… Հազար դարում Մարդասպան դարձած Մարդակերին դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կարողանա  ուղիղ աչքերով նայել ճշմարտության աչքերին և  համարձակություն ունենա բարձրաձայնելու, որ  մարդկության պատմության մեջ իրագործել է  ամենաեղերական ոճիրը: Ոճիր, որի համար անօրեն թուրքը  վաղ թե ուշ պատասխան է տալու ոչ միայն Աստծո առաջ, այլև այն   միլիոն ու կես անմեղ  զոհերի հոգիների առջև, որոնք  երկնքից անեծքի խոսքեր են միայն հնչեցնում,  և նրանց  աղաղակը, վրեժխնդրության ցասումով լցված, մերօրյա երիտասարդ հայի ատելության ու վրիժառության  պահանջն է  դարձել… Աշակերտներիս անխոս հայացքները հաստատում էին այն ճշմարտությունը, որ  նախնյաց  արյան վրեժը կառնենք  միասնական ու վճռական պայքարով. չէ՞ որ   այսօր ունենք ուժեղ, առողջ տոկուն ու  հայրենասեր երիտասարդներ, որոնց համար հայրենիքը վեհ է ամեն  ինչից…

  

Comments